SCIENTIFIC AND PRODUCTION CENTER “ARMBIOTECHNOLOGY” NAS RA

soc soc soc

News

Breastfeeding is a guarantee for baby's health

breastfeeding-is-a-guarantee-for-baby-s-health

2021-11-16

Մայրական կաթն ամիսներ շարունակ նորածնի աճի և զարգացման միակ լիարժեք սնունդն է, որը նրան պաշտպանում է նաև տարբեր վարակներից, ալերգիաներից և աղիքային խանգարումներից:

Մայրական կաթը  բարդ կենսաբանական հեղուկ է, որը պարունակում է նորածնի աճի համար անհրաժեշտ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, ճարպալույծ վիտամիններ (A, E, K), հանքային տարրեր (երկաթ, նատրիում, ֆոսֆոր, ցինկ և այլն), A դասի իմունոգլոբուլիններ, հորմոններ, ֆերմենտներինչպես նաև օգտակար պրոբիոտիկ մանրէներ (համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պրոբիոտիկները սահմանում են որպես  կենդանի միկրոօրգանիզմներ, որոնք համապատասխան քանակությամբ օգտագործելիս շահեկան ազդեցություն են թողնում առողջության վրա): Մայրական կաթը  մենահատուկ է նաև բաղադրության մեջ բազմազան օլիգոշաքարների բարձր խտությամբ, որոնք սինթեզում են կրծքի կաթնաթթվային մանրէները:

2003 թվականին ֆինն և իսպանացի գիտնականները, միմյանցից անկախ, մայրական կաթից անջատել և ուսումնասիրել են պրոբիոտիկ մանրէներ, որոնք իրենց հատկություններով  չեն զիջում աղիքային էկոհամակարգից մեկուսացված և առևտրայնացված  շատ շտամների: Նրանք իրենց աշխատություններում նշում են, որ մայրական կաթի մանրէներն և մորը, և′ նորածնին պաշտպանում են վարակներից, որոնց առաջացման հիմնական պատճառը Staphilococcus aureus ախտածին մանրէն է:

Տարբեր երկրների հարյուրավոր կանանց կաթի նմուշներում հայտնաբերված  պրոբիոտիկները՝ բիֆիդոբակտերիաները (մարդու աղիքային էկոհամակարգի գլխավոր բաղադրիչներ) և կաթնաթթվային բակտերիաները զգալիորեն տարբերվում են իրենց տեսակային բազմազանությամբ:

Մայրական կաթում մանրէները որոշակի հավասարակշռված վիճակում են, դրանց ընդհանուր քանակը մեկ միլիլիտրում հասնում է մինչև 10000-ի: Մանրէների այս քանակությունը վնասակար չէ կրծքագեղձի համար, սակայն բավարար է նորածնի աղիների արդյունավետ գաղութացման համար: Նորածինն օրական միջին հաշվով օգտագործում է 800 մլ կաթ՝ կլանելով շուրջ մեկ միլիոն մանրէ:

Բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ հղիության վերջին եռամսյակում մանրէներն աղիներից կրծքագեղձեր ներթափանցում են այսպես կոչված   կաթնագոյացման անցուղիով՝ ձևավորելով «ժամանակավոր» միկրոֆլորա, որը  կաթնարտադրության ավարտի հետ վերանում է:

Ենթադրվում է, որ մայրական աղեստամոքսային համակարգից որոշակի մանրէներ տեղափոխվում են միակորիզ իմունային բջիջների միջոցով, որոնք հասնում են կրծքագեղձեր բնական անդրկաթնային անցուղիով: Ախտածին մանրէների հարակցումը նշված բջիջներին հիմնականում կանխում են կաթնաթթվային մանրէների սինթեզած օլիգոշաքարները: Բացի այդ, կրծքի կաթը պարունակում է հակամանրէային միացություններ (լիզոցիմ, լակտոֆերին և այլն), որոնք ընտրողաբար ոչնչացնում են դրանք:

Նշված խոչընդոտներով (որոնց միջոցով աղիքային մանրէներն անցնում են կրծքի կաթի մեջ), կարելի է բացատրել, թե ինչու կրծքով կերակրվելու ժամանակահատվածում երեխայի աղիքային միկրոբիոտան՝ նորմալ մանրէային կենսաբազմազանությունը, բաղկացած մանրէների եզակի տեսակներից: Մանկական աղիներում հայտնվելուց հետո նման մանրէները պաշտպանիչ դեր են խաղում՝ ապահովելով կրծքով կերակրման հուսալի պաշտպանությունը վարակիչ հիվանդություններից: Բնիկ պրոբիոտիկ մանրէները կարող են դրսևորել հակաբակտերիական ակտիվություն նույնիսկ կրծքի կաթում:

Կան ենթադրություններ, որ որոշ օգտակար մանրէներ, հատկապես բիֆիդոբակտերաները, նորածնի օրգանիզմ կարող են անցնել  հեշտոցից բնական ճանապարհով՝ ծննդաբերության ժամանակ:  Մինչ այդ արդեն հայտնի էր, որ մանրէների որոշ տեսակներ ընդունակ են մայրական մարսողական համակարգից անցնել այլ օրգաններ: Նման ֆիզիոլոգիական տեղաշարժի փոխադրամիջոց դիտարկվում են այսպես կոչված դենդրիտային (DCs) և CD18+ բջիջները, որոնք կարող են աղիների ոչ ախտածին բակտերիաները կապել և տեղափոխել այլ օրգաններ, ներառյալ կրծքի կաթնարտադրիչ ուղիներ: Որոշ գիտնականներ առաջնահերթ են համարում իմունային բջիջների դերը, որոնք աղիքային համակարգից թափանցում են կաթնագեղձեր հղիության վերջին եռամսակում և այնուհետև՝ ամբողջ կաթնարտադրության ընթացքում: Վերջին հետազոտությունների տվյալների համաձայն՝ որոշ մանրէներ ներթափանցում են կրծքագեղձեր՝ ինտեգրվելով մայրական դենդրիտային բջիջների և մակրոֆագերի հետ:

Հղիության և կաթնարտադրության շրջանում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում հորմոնային ֆիզիոլոգիական գործընթացներ, որոնք ապահովում են սկզբում պտղի, իսկ հետագայում՝ նորածնի առողջ զարգացումը: Այս փոփոխությունները ներառում են գրեթե բոլոր օրգան-համակարգերը՝ սիրտ-անոթային, շնչառական, միզասեռական և մարսողական: Ենթադրվում է, որ նման փոփոխությունները կարող են նպաստել մանրէների տեղափոխմանը կաթնարտադրիչ գեղձեր հղիության վերջին եռամսյակում և կաթնարտադրության ամբողջ ընթացքում: Հղիության վերջին եռամսյակում ներորովայնային ճնշման բարձրացման և հորմոնային փոփոխությունների արդյունքում աղիների շարժունությունը թուլանում է, որի հետևանքով մեծանում է աղիներից կաթնագեղձեր մանրէների տեղափոխման հավանականությունը: Կաթնագեղձում, ծորաններում, ալվեոլում (կաթ արտադրող բջիջների համախումբ) և պտուկում ընթացող անատոմիական և ֆիզիոլոգիական փոփոխությունները նույնպես կարող են նպաստել նորածնի մենահատուկ  միկրոֆլորայի ձևավորմանը: Այսպիսով՝ ապացուցվում է աղիքային համակարգի և կաթնագեղձերի միջև ֆունկցիոնալ կապի գոյությունը:

Մայրական կաթի մանրէներն առաջինն են գաղութացնում նորածնի աղեստամոքսային համակարգը՝ կանխելով և կանխարգելելով ախտածին մանրէների աճը և հետևաբար՝ իջեցնելով վարակիչ հիվանդություններով հիվանդանալու  ռիսկը: Կրծքի կաթում առկա մանրէներով են պայմանավորված մայրական կաթով և արհեստական խառնուրդներով սնված երեխաների աղիքային միկրոբիոտայի կազմի կտրուկ տարբերությունները: Կարելի է համարել նաև, որ  մայրական կաթի մանրէները  նպաստում են աղիների լորձաթաղանթում ավշանման հյուսվածքների  ձևավորմանը, որոնք ունեն  կանխարգելիչ և հակաալերգիական ազդեցություն:

Բացի պրոբիոտիկներից, աղեստամոքսային համակարգը կարգավորելու գործընթացում մեծ դեր ունեն սննդային հավելումները՝ պրեբիոտիկները, որոնք ընտրողաբար յուրացնում են օգտակար միկրոօրգանիզմները՝ նպաստելով աղիքային միկրոֆլորայի կազմի, գործունեության բարելավմանը: «Պրեբիոտիկ» եզրույթն առաջին անգամ օգտագործել են պրոֆեսոր Գլեն Գիբսոնը և Մարսել Ռոբերֆրոյդը 1995թ.-ին: Պրեբիոտիկներ են համարվում հիմնականում բնական դիետիկ մանրաթելերը (ինուլինը), օլիգոշաքարները (ֆրուկտոօլիգոշաքարները) և վերջերս մայրական կաթում հայտնաբերված գալակտոօլիգոշաքարները, որոնք խթանում են նորածնի աղիներում պրոբիոտիկ մանրէների աճը: Կրծքագեղձում կաթնաթթվային բակտերիաների առկայությամբ է պայմանավորված պրեբիոտիկ օլիգոշաքարների առաջացումը  մայրական կաթում: Քանի որ կրծքի կաթը համարվում է պոտենցիալ պրոբիոտիկների համար փոխադրամիջոց, ապա կարելի է համարել, որ օլիգոշաքարների առկայությունն այն վերածում է բնական սինբիոտիկի՝ պրոբիոտիկների և պրեբիոտիկների խառնուրդ հանդիսացող սննդի:

Թեև հետազոտողների մեծ մասի հետաքրքրությունները կենտրոնացած են պրեբիոտիկ օլիգոշաքարների բիֆիդոբակտերիաների աճը խթանելու վրա, որոշ փորձարարական ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այդ միացությունները հաճախ  նմանակում են էուկարիոտ բջիջների մակերևույթի ընկալիչներին, որոնցից կառչում են ախտածին մանրէները որպես ախտահարման գործընթացի բաղադրիչ: Օրինակ՝ ցույց է տրվել էպիթելային բջիջների վրա գալակտոօլիգոշաքարների ախտածին Escherichia coli մանրէի հարակցման կանխարգելումը:

Մեր կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ հայ կանանց կաթի նմուշներում Lactococcus lactis տեսակին պատկանող շտամները հանդիպում են 30% հավանականությամբ: Նույն բարձր հավանականությամբ դրանք հայտնաբերվել են նաև այլ երկրներում կատարված ուսումնասիրություններում, մասնավորապես  իսպանացի և  ֆինն կանանց կրծքի կաթի նմուշներում:  Լակտոբացիլներից առավել հաճախ հանդիպում են Lactobaccilus casei ssp. (20%), Lactobacillus delbrueckii  (5%), Lactobacillus fermentum  (5%), Lactobacillus salivarius (5%) և Lactobacillus reuteri (5%) պատկանող տեսակները:

Հայտնի է, որ սննդակարգը և շրջակա միջավայրի պայմաններն ազդում են աղիքային միկրոբիոմայի՝ նորմալ միկրոֆլորայի մանրէաբանական կազմի վրա: Նկատվել է, որ ճապոնացի կանանց կաթում պրոբիոտիկ շտամների տարածվածությունն այլ երկրների կանանց կաթի հետ համեմատած ավելի բարձր է, որը, հավանաբար պայմանավորված է ճապոնական սննդակարգի կարևոր մաս հանդիսացող ֆունկցիոնալ սննդի, պրոբիոտիկների և տարբեր ֆերմենտացված սննդամթերքների լայն օգտագործմամբ: Հայաստանում ամենատարածված պրոբիոտիկ «Նարինե» կաթնամթերքի խմորիչ Lactobacillus helveticus MDC 9206 շտամը հայ կանանց կրծքի կաթի նմուշների հետազոտություններում չի հայտնաբերվել: Այդ երևույթը կարելի բացատրել էպիթելային և իմունային բջիջների մակերևույթին L. helveticus-ի չափազանց ցածր հարակցման ունակությամբ:

Բազմաթիվ երկրներում հարյուրավոր կանանցից վերցրած մայրական կաթի նմուշների հետազոտությունները բացահայտել են դրանցում պրոբիոտիկների՝ լակտոբակտերիաների  և բիֆիդոբակտերիաների զգալի առկայություն, սակայն պրոբիոտիկ մանրէների պոպուլյացիաները տարբեր երկրների կանանց, ինչպես նաև  քաղաքաբնակ և գյուղաբնակ կանանց կաթում քանակապես և որակապես նույնը չեն: Որոշ շրջաններում կաթի նմուշների միայն 20% -ում են առկա պրոբիոտիկ մանրէներ, մյուսներում՝ մինչև 100 % -ում: Այլ երկրների քաղաքաբնակ և գյուղաբնակ կանանց կրծքի կաթում հայտնաբերված լակտոբակտերիաների մակարդակը 10–10000 ԳԱՄ/մլ (ԳԱՄ՝ գաղութ առաջացնող միավոր) է: Հայ կանանց կրծքի կաթում կաթնաթթվային մանրէների քանակը տատանվում է 10000-100000 ԳԱՄ/մլ: Համարվում է, որ մանրէների փոքր քանակն էապես չի ազդում երեխայի աղիքային միկրոբիոմայի զարգացման վրա, քանի որ այն իրագործում են կաթում առկա առավել հզոր մանրէները: Կրծքի կաթում պրոբիոտիկ մանրէների պակասի կամ քիչ քանակության պատճառներից մեկը կարող է լինել դեռևս մանկական տարիքում մոր օգտագործած արհեստական սնունդը և/կամ ֆերմենտացված կաթնամթերքի օգտագործման ցածր մակարդակը:

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հղիության վեցերորդ ամսից ընդունված պրոբիոտիկ մանրէները, ի վերջո, հայտնաբերվում են խիժում և հասուն կաթում: Մանկական սնունդ արտադրող ձեռնարկությունները մանկական խառնուրդները մայրական կաթին մոտեցնելու նպատակով դրանք հավելում են կենսունակ պրոբիոտիկ մանրէներով և մայրական կաթի օլիգոշաքարներով: ԱՄՆ-ում և որոշ եվրոպական երկրներում մայրական կաթը պահեստավորում են, սակայն ջերմամշակման ընթացքում դրանում եղած օգտակար միկրոօրգանիզմները ոչնչանում են,  և երեխային լրացուցիչ պրոբիոտիկներ նշանակելու կարիք է զգացվում:

Աղիքային միկրոֆլորան կրծքի կաթի միջոցով փոխանցվում է սերնդե– սերունդ, և այդ շղթայի խախտման դեպքում այն վերականգնելու հնարավորությունը նվազում է: Իրավիճակը շտկելու ուղիներից մեկը մայր դառնալուց առաջ և հատկապես հղիության վերջին եռամսյակում հատուկ պրոբիոտիկների ամենօրյա ընդունումն է: Այսպիսով՝ կրծքի կաթում պրոբիոտիկ մանրէների առկայությունը մանկան առողջության գլխավոր գրավականն է:

Back