SCIENTIFIC AND PRODUCTION CENTER “ARMBIOTECHNOLOGY” NAS RA

soc soc soc

News

Demand for the resignation of the Prime Minister of the Republic of Armenia

Հարգելի գործընկերներ,

Հանդիսանալով Հայաստանի Հանրապետության գիտական հանրության մաս, չենք կարող անտարբեր մնալ հանրապետությունում ընթացող քաղաքական գործընթացներին և, կարծում եմ, պարտավոր ենք արտահայտել մեր քաղաքացիական դիրքորոշումը:

Հաշվի առնելով 2018թ.-ից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վարվող ռազմատնտեսական և դիվանագիտական քաղաքականության ձախողումը, մասնավորապես՝ գիտության, կրթության, բժշկության, տնտեսության տարբեր ճյուղերի, բանակաշինության և այլ ոլորտներում լրջագույն բացթողումները, ինչպես նաև պետական կառավարման տարբեր ոլորտներում կադրային սխալ քաղաքականության իրականացումը և պետական առանցքային պաշտոններում կամայական նշանակումները, հասարակությանը տարբեր շերտերի բաժանումը և պառակտումը համարում ենք ներկայիս կառավարության ձախողված քաղաքականության արդյունք:

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, ըստ որի հայ ժողովուրդը կորցնում է իր պատմական հայրենիքի զգալի մասը, ինչն, ըստ էության, դիվանագիտական պարտության և ռազմաքաղաքական իշխանության կողմից անհեռատես քաղաքականության արդյունք է:

Սեփական սխալներն ու թերացումները չընդունելը, մեղքի բաժինը այլոց վրա բարդելը, պատասխանատվությունից խուսափելը հանգեցրեց ներկայիս իրականությանը՝ վտանգելով մեր պետականության վերջին հանգրվանը: Ստեղծված իրավիճակն էլ ավելի է ակնառու դարձրել ոլորտային թերացումները, խորացրել հասարակության բևեռացվածությունը, ժողովրդին հասցնելով տնտեսական և քաղաքական ճգնաժամի նոր փուլ:

Ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը, որը, մեր խորին համոզմամբ, իզորու չէ երկիրը հանել խորացող ճգնաժամային վիճակից:

Ստեղծված քաղաքական, տնտեսական և կառավարչական ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար պահանջում ենք՝

- ՀՀ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականը

- Ժամանակավոր կառավարության ստեղծում՝ կազմված բացառապես փորձառու, հմուտ, պետականամետ և բանիմաց մասնագետներից՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից, որի առաջնային խնդիրը պետք է լինի ներքաղաքական իրավիճակի և տնտեսության կայունացումը, արտաքին քաղաքականության հայանպաստ ռազմավարության մշակումը և ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպումը:

Հարգելի գործընկերներ, հերթական անգամ չարդարացան հայ քաղաքացու սպասումները և հույսերը, փոխարենը կորցրեցինք նաև մեր փառահեղ հաղթանակի, գոյության և պայքարի խորհրդանիշը: Ստեղծված իրավիճակում և հետագա զարգացման գործընթացներում յուրաքանչյուրս ունի պատասխանատվության սեփական բաժինը:

 

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգի» գիտաարտադրական կենտրոն ՊՈԱԿ-ի գիտական խորհուրդ:

 

 

Back